«Արվարձան» մշակութային կենտրոնը CEC ArtsLink-ի հետ համատեղ և նրանց Global Art Lab ծրագրի ներքո ներկայացնում է Արսենի Ժիլյաևի նոր նախագիծը՝ «ԵԱՊԹ», որը նվիրված է ապագայի պոտենցիալ սցենարների ուսումնասիրությանը և թանգարանային ցուցադրության փորձարարական ձևերին: Այս բյուրոկրատական անվանման հետևում թաքնված է արվեստագետի և Երևանյան արվեստային համայնքի կողմից ինքնակազմակերպվող մեկօրյա թանգարան: Հրաժարվելով թանգարանային ցուցադրության ավանդական ձևերից, «ԵԱՊԹ»-ն նախընտրում է էքսպոզիցիայի փորձարարական ձևերը՝ ներկայացված պարի կամ տան հավաքածուից ռետրո-ֆուտուրիստական կոլաժների միջոցով և այլն: Նախագծի շրջանակներում առաջարկվում է Հայաստանի, հայ արվեստի ապագայի պոտենցիալ սցենարների մշակում: Նախագծի բացմանը կնախորդի մեկշաբաթյա գործնական պարապմունք, որի շրջանակում բոլոր շահագրգիռ անձինք, անկախ նրանց արվեստի, կրթության մակարդակից, հնարավորություն կունենան ձեռք բերելու գիտելիքներ ավանգարդ թանգարանային գործի ոլորտում և առաջարկելու իրենց հավաքածուն կամ նախագծի վերջնական ցուցադրությունը:
Արսենի Ժիլյաև ( ծնվել է 1984 թ. Վորոնեժում, Ռուսաստան)՝ արվեստագետ, ով ապրում և աշխատում է Մոսկվայում և Վորոնեժում: Օգտագործելով գեղարվեստական, քաղաքական, գիտական և թանգարանային գործի պատմությունները հնարավոր ապագան բացահայտելու և նախագծելու նպատակով, Ժիլյաևը հետազոտում է տարածությունը իրականության և հնարքի միջև: Իր վերջին նախագծերում Ժիլյաևը սկսում է վերաիմաստավորել սովետական թանգարանային գործի ժառանգությունը. «Պրոլետարական մշակույթի թանգարան: Բոհեմի ինդուստրացում» (Տրետյակովյան պետական պատկերասրահ, Մոսկվա, 2012), «Մանկավարժական պոեմ» (Իլյա Բուդրայցկիսի և նախագծի կոլեկտիվի հետ, «Պրեսնյա» պատմական և հիշատակի թանգարան, Մոսկվա, 2012), և «M.I.R.: New paths to the objects» (Կադիստ արվեստի հիմնադրամ, Փարիզ, 2014), «M.I.R.: Polite Guests from the Future» (Կադիստ արվեստի հիմնադրամ, Սան Ֆրանցիսկո, 2014): 2011-ից նա նաև Մոսկվայի «Художественный журнал» արվեստի ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: Որպես արվեստագետ և ակտիվիստ (Ռուսաստանի սոցիալիստական շարժման և ստեղծագործական աշխատողների միության անդամ), նա մասնակցել է ինտենսիվ քննարկումների՝ անապահովության թեմայի շուրջ: Ժիլյաևը ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը (2006) և ժամանակակից արվեստի խնդիրների Մոսկովյան ինստիտուտը (2008), ստացել է մագիստրոսի աստիճան՝ միջազգային ծրագրեր, Գետեբորգի Վալանդ գեղարվեստի դպրոց, Շվեդիա (2010 թ.): Նրա վերջին պարգևները ներառում են «Ինովացիա-2010» ռուսական պետական մրցանակը ժամանակակից արվեստի ոլորտում, «Soratnik» 2010 և 2012 պարգևները և 2013 -ին Visible Award միջազգային մրցանակի առաջադրում: